Վալախիա (Մունտենիա)

Բուխարեստ

Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել եկեղեցի (հասցե՝ Bd. Carol I, nr. 43)
Գտնվում է Հայկական թաղամասում, կառուցվել է 1911-1915թթ․ ավելի հին հայկական եկեղեցու տեղում։ Եկեղեցու բակում կանգնեցված են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար և Զորավար Անդրանիկի կիսանդրին։ Եկեղեցու բակում են գտնվում նաև «Վիկտորյա և Հովսեփ Դուդյան» գրադարան-թանգարանը և Ռումինիայի Հայոց Միության կենտրոնական գրասենյակը, որտեղ նախկինում տեղակայված էր հայկական դպրոցը։
Հայկական եկեղեցու հետևի կողմից սկսվում է Հայկական փողոցը, որի վրա տեղակայված է Ռումինիայի Հայ եկեղեցու արքեպիսկոպոսարանը (հասցե՝ Str. Armenească, nr. 9-11) և Հայ մշակույթի կենտրոնը։

Քաղաքում գործում է Հայկական գերեզմանատունը (հասցե՝ Șoseaua Pantelimon, nr. 90), որտեղ կառուցվել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մատուռը։

Մելիքի տունը (ռում․՝ Casa Melik) Բուխարեստի ամենահին տունն է, որը կառուցվել է 18-րդ դ. երկրորդ կեսին։ Տունը պատկանում էր հայազգի վաճառական Հաջի Գևորգ Նազարեթօղլուին, որի աղջիկը՝ Աննա, ամուսնացել էր ռումինահայ հեղափոխական Հակոբ Մելիքի (1817-1887) հետ։
1971թ․ այս տունը վերածվում է ազգային թանգարանի և կրում ռումինացի նկարիչ Թեոդոր Պալլադիի անունը (հասցե՝ Spătarului, nr. 22)։

Մանուկի իջևանատունը (ռում․՝ Hanul lui Manuc) Բուխարեստի կարևոր պատմական զբոսաշրջային վայրերից է, գտնվում է Բուխարեստի սրտում՝ հին քաղաքում (հասցե՝ Str. Franceză, nr. 62-64): Այս հոյակապ շինությունը 1808թ․ կառուցել է հայազգի Մանուկ Բեյը (1769-1817, Էմանուել Միրզայան), որը ծնունդով Բուլղարիայի Ռուսե քաղաքից էր։ Մանուկ Բեյը բավականին ազդեցիկ դիրք և կապեր ուներ ինչպես Օսմանյան Կայսրությունում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում։ Պատահական չէ, որ ռուս-թուրքական վեցամյա պատերազմից հետո՝ 1812թ․, հենց այստեղ է կնքվում Բուխարեստի պայմանագիրը, որով պատմական Մոլդովայի մարզի՝ Պրուտ գետից արևելք ընկած հատվածն անցնում է Ռուսական Կայսրությանը (այդ հատվածն այսօրվա Մոլդովայի Հանրապետությունն է)։

Զամբակչյան թանգարանը Բուխարեստի ամենահայտնի թանգարաններից է (հասցե՝ Str. Muzeul Zambaccian, nr. 21A): Այն կրում է ռումինահայ հավաքորդ և արվեստի քննադատ Գրիգոր Հ․ Զամբակչյանի
(1889-1962) անունը, որին պատկանում էր արվեստի գործերի բավականին մեծ հավաքածու՝ շուրջ 240 թանկարժեք կտավ և քանդակ։ նկարժեքավոր աշխատանքներ կան։

Բուխարեստի Հավաքածուների թանգարանի (Calea Victoriei, nr. 111) մի քանի սրահներում ցուցադրվում են մի քանի ռումինահայերի հավաքածուները, որոնցից են Հուրմուզ Ազնավորյանը (1888-1961)՝ 2 սրահ, Կարապետ Ավագյանը (1907-1967)՝ 6 սրահ, եղբայր և քույր Հրանտ և Բեատրիչե Ավագյանները՝ 6 սրահ։

Մի շարք պատմաբաններ պնդում են, որ քաղաքի կենտրոնում գտնվող Բըրըցիա կաթոլիկ եկեղեցու վայրում նույն անունով հայկական կաթոլիկ եկեղեցի է եղել 17-րդ դ․։ Ժամանակին Բուխարեստում գործել է նաև հայկական կաթոլիկ եկեղեցի, որը տասնամյակներ առաջ անցավ ռումինացիներին։

Պիտեշտ

Պիտեշտի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1852-1858թթ․ ընթացքում (հասցե՝ Str․ Egalității, nr. 43): Եկեղեցու բակում գտնվող երկու տներից մեկում գործում է ՌՀՄ Պիտեշտի մասնաճյուղը։

Պիտեշտում գործում է նաև Հայկական գերեզմանատունը, որտեղ Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար է կանգնեցված, որի վրա երկու լեզվով գրված է. «1915-1965. Հուշարձանս կանգնեց բիթեշտահայ գաղութը 1915-1918-ի թրքահայութեան երկու միլիոն նահատակաց հիսնամեակի առթիվ։ 1965-IV-24»։
2014թ․ սեպտեմբերի 26-ին քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպուբլիչի պողոտան Վասիլե Միլեա հրապարակին կապող վայրում, կանգնեցվեց ևս մեկ խաչքար (նկարում), որը ևս նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բրըյլա

Բրըյլայի Սբ․ Մարիամ եկեղեցին (հասցե՝ Calea Galați, nr.14 ) կառուցվել է 1872թ․ ավելի հին հայկական եկեղեցու տեղում։ Ըստ պատմական մի վկայության՝ քաղաքում 1792թ․ մայիսի 30-ին հայ քահանա կար։