Այս բաժնում նշվում են պատմական Մոլդովայի շրջանի՝ այսօրվա Ռումինիայի տարածքում գտնվող հայկական հետքերի մասին։
Բոտոշան
Տարբեր աղբյուրներ նշում են, որ Բոտոշանում հայկական եկեղեցի գոյություն է ունեցել 13-14-րդ դդ․։ Ըստ մեզ հասած վկայությունների՝ քաղաքի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Մարիամը, կառուցվել է 1350թ․ (հասցե՝ str․ Armeană, nr. 3)։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ ժամանակին Հայկական թաղամասն էր։ 2000-ական թթ․ սկզբին եկեղեցու շուրջ կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվեցին միջնադարյան տարբեր առարկաներ հայկական զարդանախշերով։ Այս եկեղեցին մի քանի անգամ հիմնովի վերանորոգվել է։
Քաղաքի մյուս հայկական եկեղեցին՝ Սբ․ Երրորդությունը, գտնվում է Սբ․ Մարիամ եկեղեցուց մի փոքր հեռավորության վրա (հասցե՝ str․ Armeană, nr. 15)։ Եկեղեցին կառուցվել է 1795թ․, որի տեղում 1560թ․ կառուցված հայկական մի վանք էր։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող աշտարակ-զանգակատունը կառուցվել է 1816թ․։ Կառուցման պահին այն քաղաքի ամենաբարձր աշտարակն էր։ Այսօր եկեղեցին չի գործում և հիմնովի վերանորոգման կարիք ունի։
Բոտոշանում գործում է հայկական «Հավերժություն» գերեզմանատունը, որտեղ գտնվում է 1884թ․ կառուցված Սբ․ Ավետում մատուռը (հասցե՝ strada Eternităţii, nr. 10)։
Գերեզմանատանը կանգնեցված մի շարք հուշարձաններ բերվել են եվրոպական տարբեր քաղաքներից (Վիեննա, Ջենովա, Միլան և այլն) և այսօր բավականին մեծ արժեք ունեն։ Պատահական չէ, որ շատերն այս գերեզմանատունը կոչում են «թանգարան բաց երկնքի տակ»։ Նախկինում, ինչպես մյուս գրեթե բոլոր քաղաքների դեպքում, գերեզմանատները գործում էին եկեղեցու շուրջը։ Այսօր Ռումինիայի շատ հայկական եկեղեցիների բակերում դեռևս պահպանվում են մինչև 19-րդ դ․ վերջին պատկանող տապանաքարեր։
Սուչավա (Բուկովինայի շրջան)
Ռումինիայի ամենահայտնի հայկական սրբավայրերից մեկը Հաճկատարի վանքն է, որը կառուցվել է 1512թ․ Սուչավա քաղաքից 3կմ հեռավորության վրա՝ Բուլայ գյուղի բլրերից մեկի վրա։ Այս վանքը բազմաթիվ ավանդույթներ ունի, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։ Այդ շրջանի բազմաթիվ բնակիչներ ամեն տարի Հաճկատարի տոնին, ըստ ավանդույթի, ծնկաչոք բարձրանում են բլուրը և երեք անգամ պտտվում եկեղեցու շուրջը, որպեսզի իրականանան իրենց երազանքները։
Սուչավայի Հայկական փողոցի ծայրում գտնվում է Սբ․ Սիմեոն եկեղեցին, որն ավելի հայտնի է «Կարմիր աշտարակ» անվամբ, քանի որ 1551թ․ կառուցված զանգակատունը կարմրավուն էր։ Եկեղեցին կառուցվել է 1513թ․ (հասցե՝ str․ I.G. Sbiera, nr. 51): Եկեղեցու բակում կանգնեցված է խաչքար, գործում է հայկական բավականին հին գերեզմանատուն։ Այսօր այն օգտագործման է տրված Ռումինիայի Ուղղափառ եկեղեցուն, սակայն տարբեր առիթներով այնտեղ Սբ․ Պատարագ են մատուցում նաև Ռումինիայի Հայ թեմի հոգևորականները։
Սուչավայի Հայկական փողոցի մյուս ծայրում գտնվում է հայկական Սբ․ Խաչ եկեղեցին, որը կառուցվել է 1521թ․ 15-րդ դ․ մեկ այլ հայկական եկեղեցու տեղում (հասցե՝ str. Armenească, nr. 1): Սբ․ Խաչ և Սբ․ Սիմեոն եկեղեցիների հատվածում էր ձևավորված Հայկական թաղամասը, որը դարեր շարունակ մեծ ազդեցություն ուներ քաղաքի տարբեր ոլորտների զարգացման հարցում։ 1824թ․ եկեղեցու բակում կառուցվեց հայկական դպրոց, որը գործեց մինչև 20-րդ դ․ սկիզբը։
Սուչավայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է հայկական Զամկա վանական համալիրը, որը կառուցվել է 1606թ․ (հասցե՝ strada Zamca, nr. 30)։ Վանական համալիրը շրջապատված է պարսպով, ներառում է մի քանի եկեղեցի և այլն։ Վանքի տպավորիչ շինություններից է մոտ 26 մետրանոց աշտարակ-զանգակատունը։ «Զամկա» անվանումը գալիս է լեհերեն «զամեկ» բառից, որը նշանակում է ամրոց։ Այն, հավանաբար, առաջացել է 17-րդ դ․ լեհ-թուրքական պատերազմի ժամանակ, երբ լեհական զորքի մի մասը հանգրվանել էր այստեղ։
Սուչավայում նույնպես կա առանձին Հայկական գերեզմանատուն, որտեղ 1902թ․ հայազգի հայտնի Պրունկուլյան կամ Պրունկուլ (ռումիներեն «պրունկ» բառը նշանակում է «մանուկ»․ նրանց տոհմիկ ազգանունը Մանուկյան էր) կառուցել է Պրունկուլ մատուռը։ Այս ընտանիքը տարածաշրջանի ամենահայտնի ընտանիքներից էր։ Հայկական գերեզմանատունը գտնվում է Զամկա փողոցի վրա՝ Սբ․ Սիմեոն եկեղեցուց Զամկայի վանք տանող ճանապարհին։
Սուչավայի մարզում 1862թ․ հայերը կառուցել են Սբ․ Գևորգ եկեղեցին Գուրա Հումորուլույ քաղաքում, որը քաղաքում հայ բնակչության կտրուկ նվազման հետևանքով անցավ բողոքականներին, ապա ռումինացիներին։ Այն այսօրվա Սբ․ Կայսրեր Կոնստանտին և Էլենա եկեղեցին է (հասցե՝ str․ Mănăstirea Humor, nr. 2):
Յաշ
Ռումինիայի խոշոր քաղաքներից Յաշի հայկական եկեղեցին՝ Սբ․ Աստվածածինը, գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հայկական փողոցի վրա (հասցե՝ strada Armeană, nr. 22)։ Այն կառուցվել է 1395թ․ Խաչիկի, Տեր Հակոբի, Հաջի Մարգարի և Հաջի Գրիգորի կողմից և համարվում է քաղաքի ամենահին կառույցը։ Եկեղեցին հիմնովի վերանորոգվել է մի քանի անգամ և այսօր քաղաքի ամենագեղեցիկ աղոթատեղիներից մեկն է։ Բակում գտնվում են միջնադարյան բազմաթիվ տապանաքարեր, ինչպես նաև Ծխական տունն ու Ռումինիայի Հայոց Միության Յաշի մասնաճյուղը։
Ռոման
Հայերը հաստատվել են Ռոմանում առնվազն 14-րդ դ․, և բավականին երկար ժամանակ կազմել են քաղաքի բնակչության մոտ կեսը։ Ըստ պատմական վկայությունների՝ 1355թ․ հայերը գերմանացի սաքսոններից գնել են նրանց եկեղեցին, իսկ այսօրվա հայկական եկեղեցին կառուցվել է 1609թ․ հայազգի Հակոբշայի կողմից (հասցե՝ str․ Veronica Micle, nr. 13)։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է։
Քաղաքի կենտրոնական «Հավերժություն» գերեզմանատան մի հատված գործում է որպես հայկական գերեզմանատուն, որտեղ կառուցվել է հայկական մատուռ։
Տըրգու Օկնա
Տըրգու Օկնա քաղաքի հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1825թ․ 18-րդ դ․ մեկ այլ փայտե եկեղեցու տեղում (հասցե՝ str․ Văleni, nr.7)։ Եկեղեցու դիրքը բավականին գեղեցիկ է, բակում տասնյակ պտղատու ծառեր կան։ Այսօր եկեղեցին հիմնովի վերանորոգման կարիք ունի։
Եկեղեցու հարևանությամբ հայկական գերեզմանատունն է, որի տարածքը փոքրացավ 19-րդ դ․ վերջում, քանի որ այդտեղով, ըստ նախագծի, պետք է անցներ երկաթուղին։
Գալաց
Գալացի հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքներն, ընդհանուր առմամբ, տևեցին շուրջ տասը տարի՝ 1858-1868թթ․։
Հայերը հաստատվել են Գալացում առնվազն 15-րդ դ․։ Վերոնշյալ եկեղեցու կառուցումից մի քանի դար առաջ նույն վայրում արդեն իսկ գոյություն ուներ հայկական փայտե եկեղեցի։
Օսմանյան Կայսրությունում Համիդյան ջարդերից և Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր հաստատվել են հենց այս քաղաքում, քանի որ այն գտնվում է Դանուբի ափին՝ Սև ծովին համեմատաբար մոտ, ուր կարելի էր համեմատաբար ավելի հեշտ հասնել Օսմանյան Կայսրությունից։
Ֆոկշան
Ֆոկշանում հայերը հաստատվել են համեմատաբար ավելի ուշ՝ ժամանելով տարածաշրջանի այլ քաղաքներից։ Քաղաքի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Գեորգեն, կառուցվել է, ամենայն հավանականությամբ, 1733թ․՝ չնայած դրա կառուցման տարեթվի վերաբերյալ պատմական տարբեր վկայություններ կան (հասցե՝ str. Cotești, nr. 22)։ Մինչև 1859թ․ Ռումինիայի միասնական պետության հռչակումը Մոլդովան և Վալախիան առանձին իշխանություններ էին, իսկ Ֆոկշան քաղաքը նրանց սահմանագիծն էր՝ բաժանված լինելով երկու մասի։ Սբ․ Գեորգեն գտնվում էր քաղաքի վալախական հատվածում։
Տասնամյակներ շարունակ քաղաքի մոլդովական հատվածի հայերը ստիպված էին ամեն կիրակի սահմանն անցնել, որպեսզի մասնակցեն Սբ․ Պատարագի։ Ի վերջո, նրանք որոշում են սեփական եկեղեցին ունենալ, որի արդյունքում 1780թ․ կառուցվում է Սբ․ Աստվածածին եկեղեցին (հասցե՝ str․ Republicii, nr. 3)։ Ստացվեց այնպես, որ Ֆոկշանի վերամիավորումից հետո քաղաքում երկու գործող եկեղեցի կար՝ իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Այս եկեղեցու բակում կանգուն են նախկինում տղաների և աղջիկների դպրոցների շենքերը։ Եկեղեցու հարևանությամբ բազմաթիվ տապանաքարեր կան։
Քաղաքի ծայրամասային հատվածում գտնվում է Հայկական գերեզմանատունը (հասցե՝ strada Dionyssos)։ 1891թ․ գերեզմանատան մուտքի մոտ կառուցվել է մի մատուռ, որի կողքին ավելի ուշ կանգնեցվել է խաչքար։ Ինչպես Բոտոշանի, այնպես էլ Ֆոկշանի հայկական գերեզմանատանը կարող ենք գտնել բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ։ Պատահական չէ, որ շատերը գալիս են հայկական գերեզմանատուն՝ ուսումնասիրելու այդ հուշարձանները։ Մինչև 19-րդ դ․ վերջերի հայկական տապանաքարերը հիմնականում գտնվում են Սբ․ Աստվածածին եկեղեցու բակում։
Մոլդովայի շրջանում բազմաթիվ հայկական եկեղեցիներ են եղել, որոնք այլևս գոյություն չունեն տարբեր պատճառներով։
Սուչավայում գործել է Սբ․ Մարիամ եկեղեցին մինչև 1512թ․, Սբ․ Երրորդություն և Սբ․ Նիկոլայ եկեղեցիները։ Յաշում 1616թ․ կառուցվել երկրորդ հայկական եկեղեցին՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչը, որը 1827թ․ հրդեհվեց, իսկ ավերակները վերջնականապես ոչնչացվեցին 1899թ․։ Բակըու քաղաքում 1848-1858թթ․ կառուցվեց տարածաշրջանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը, որը վնասվեց երկրաշարժերի պատճառով և վերջնականապես քանդվեց 1977թ․։ Սիրետում հայկական եկեղեցի է նշվում 1507 և 1669թթ․։ Դարերի ընթացքում հայկական եկեղեցիներ են նշվում Վասլույ, Բըրլադ, Դորոհոյ և այլ բնակավայրերում։