Դոբրոջա

Կոնստանցա

Կոնստանցայի Սբ․ Մարիամ եկեղեցին գտնվում է Սև ծովի ափին (հասցե՝ str․ Callatis, nr.1): Շենքը կառուցվել է 1880թ․, որը ծառայել է որպես դպրոց։ 1940թ․ շենքի հարևանությամբ գտնվող փայտաշեն եկեղեցին հրդեհվեց, և դպրոցի շենքի երկրորդ հարկը դարձավ աղոթատեղի։

Դրանից մի քանի տարի անց աշակերտների թվի նվազման պատճառով ամբողջ շենքն անցավ եկեղեցուն։ Քաղաքում հայկական եկեղեցի եղել է առնվազն 18-րդ դ․։

2017թ. ապրիլի 25-ին Կոնստանցայի առափնյա բանուկ հատվածում բացվեց խաչքար հուշարձան «ի նշան Դոբրոջայում հայության դարավոր ներկայության եւ որպես երախտագիտություն այն հյուրընկալ վերաբերմունքի համար, որով ընդունվել են ռումին ժողովրդի կողմից: Նաեւ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հավատքն ու ինքնությունը»:

Տուլչա

Տուլչայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին (հասցե՝ str. Concordiei, nr. 2) կառուցվել է 1885թ․։ Եկեղեցին լրջորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ 1970-ական թթ․ վերջին օգտագործման է տրվել Ռումինիայի Ուղղափառ եկեղեցուն, որը հիմնովի վերանորոգել է այն։