Գեռլա (նախկին Արմենոպոլիս՝ Հայաքաղաք)
17-րդ դ. երկրորդ կեսին Մոլդովայից Տրանսիլվանիա են տեղափոխվում մի քանի հազար հայեր, որոնք հաստատվում են շրջանի մի քանի քաղաքներում։ Դարավերջին հայերը ձեռք են բերում հսկայական տարածք քաղաք կառուցելու համար և 1700թ․ հիմնադրում Արմենոպոլիս (Հայաքաղաք) քաղաքը, որն անվանափոխվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո և այսօր կոչվում է Գեռլա։ Քաղաքի առաջին հայկական կաթոլիկ եկեղեցին Սբ․ Սողոմոնն է (աջից), որը կառուցվել է 1723-1724թթ․ (հասցե՝ str. Cloşca, nr. 171):
Քաղաքի սրտում գտնվում է աշխարհի հայ կաթոլիկ ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սբ․ Երրորդությունը, որի կառուցման աշխատանքներն ավարտվեցին 1776թ․ (հասցե՝ Piaţa Libertăţii, nr. 6)։ Ամեն տարի հունիս ամսին մեծ շուքով նշվում է Սբ․ Գրիգոր Լուսավորչի տոնը։
Գեռլայի այսօրվա Պատմության թանգարանը նախկին Հայկական թանգարանն է (հասցե՝ str. Mihai Viteazul, nr.6)։ Այդ շենքը հայազգի Կարաչոնի ընտանիքի տունն էր, որը կառուցվել է 18-րդ դ․ վերջում։ Այսօր այնտեղ առանձին գործում է Հայկական սրահ։ Այսօր Գեռլայի կենտրոնում գտնվող բազմաթիվ շենքեր նախկինում պատկանել են հայերի։
Դումբրըվեն (նախկին Եղիսաբեթուպոլիս)
Դումբրըվեն քաղաքի կենտրոնական հրապարակում է գտնվում աշխարհում հայ կաթոլիկ ամենամեծ եկեղեցիներից ևս մեկը՝ Սբ․ Եղիսաբեթը, որի կառուցման աշխատանքներն ավարտվեցին 1850թ․ (հասցե՝ Piaţa Timotei Cipariu, nr. 1)։ 1927թ. եկեղեցու հսկայական գմբեթներից մեկն ընկավ, և հենց այդ տեսքով այսօր այն քաղաքի կարևորագույն խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ քաղաքի բազմաթիվ շենքեր կառուցվել են հենց հայերի կողմից, քանի որ վերջիններիս շնորհիվ է 18-րդ դ․ փոքր բնակավայրը դարձել զարգացած քաղաք։
Դումբրըվենի ևս մի քանի եկեղեցիներ, որոնք կառուցել են հայերը․ Սբ․ Երրորդություն (1723) եկեղեցի, Սբ․ Պետրոս և Սբ․ Պողոս (1796) եկեղեցի, որը կառուցվել է Մխիթարյանների կողմից, Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը զիջվեց լյութերականներին 1920թ․։
Տրանսիլվանիայի հայերի թանգարանը բացվեց 2010թ․, որը գտնվում է քաղաքի Ապաֆի ամրոցում (հասցե՝ str․ Cuza Vodă, nr.4)։
Գեորգեն
Գեորգենի հայկական կաթոլիկ Սբ․ Մարիամ եկեղեցին կառուցվել է 1733թ․ մեկ այլ եկեղեցու վայրում (հասցե՝ str․ Biserica Armeană, nr. 1)։ Իր արտաքին և ներքին գեղեցկության շնորհիվ՝ եկեղեցին համարվում է քաղաքի զարդը։ Եկեղեցուց քիչ հեռու գտնվում է Հայկական գերեզմանատունը։ Քանի որ Տրանսիլվանիայի հայերը հիմնականում հունգարահայեր են, հունգարական ազդեցությունը բավականին մեծ է հատկապես Հարգիտայի մարզում, որտեղ գտնվում են նախկինում մեծաթիվ հայ բնակչություն ունեցող Գեորգեն և Ֆրումոասա բնակավայրերը։
Ֆրումոասա
Ֆրումոասայի հայկական կաթոլիկ Սբ․ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1785թ․, որի բակում գտնվում են բազմաթիվ տապանաքարեր։
Ֆրումոասան Տրանսիլվանիայի հայկական հերթական բնակավայրն է, որտեղ հայերը հաստատվեցին 17-18-րդ դդ․։ Ժամանակի ընթացքում վերոնշյալ չորս բնակավայրերի բազմաթիվ հայ բնակիչներ տեղափոխվեցին Տրանսիլվանիայի այլ քաղաքներ՝ Կլուժ-Նապոկա, Բայա Մարե, Օդորհեյու Սեկույեսկ և այլն։